ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հունվարի 18-ին, ժամը 20:55-ին մահացած Արտյոմ Գագիկի Հակոբյանը Սյունիքի մարզի Քաջարան գյուղից է: Քաջարանի գյուղապետ, նրա հորեղբոր որդին` Ռաֆիկ Աթոյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր նրան կհուղարկավորեն: Արտյոմ Հակոբյանը ընտանիքի կրտսեր զավակն է, երեք եղբայր են: Ռաֆիկ Աթոյանը տեղեկացրեց, որ Արտյոմը ավարտել էր ուսումնարանը եւ մեկնել ծառայության:
Նա նշեց, որ երեխայի մահվան հետ կապված տարբեր բաներ են ասում, ասում են, թե ջրծաղիկից է մահացել: Հորեղբոր որդին նշեց, որ Արտյոմը առողջ երիտասարդ էր, երբեւէ գանգատներ չի ունեցել:
Հիշեցնենք, որ «Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո» ախտորոշմամբ հունվարի 13-ին ընդունվել է N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը: Հունվարի 18-ի երեկոյան նա մահացել էր: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ՝ որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Մեր տեղեկություններով` նա զորակոչվել էր 2012թ աշնանը Կապանի զինկոմիսարիատից:




























