Ադրբեջանական բանակի՝ Դաշքեսանում գտնվող ստորաբաժանումներից մեկում վերջին ծանրագույն միջադեպը արձագանք է ստացել երկրի սահմաններից բավական հեռու, գրում է "Նովոե Վրեմյա թերթը:
Երկու ժամկետային զինծառայողների կողմից վեց բարձրաստիճան սպաներին գնդակահարելու փաստը բորբոքել է Ադրբեջանի հասարակությանը:
Առանձնահատուկ դժգոհություն է հարուցում փաստը, որ դրան զուգահեռ՝ շքանշանով է պարգեւատրվել պաշտպանության նախարարը: Դիտորդները կարծում են, որ ադրբեջանական բանակում տիրող բարքերը, կարգապահության եւ մարտական պատրաստվածության մակարդակը «թույլ չեն տալիս անգամ մտածել ռազմական եղանակով Ղարաբաղը վերադարձնելու մասին»:
Հատկանշական է, որ դեռ անորոշ են մնացել զինվորների մահվան հանգամանքները: ՊՆ-ի պաշտոնական վարկածով, հանցագործությունից հետո նրանք ինքնասպանություն են գործել, սակայն շատ զինծառայողներ պնդում են, որ զինվորները սպանվել են պատասխան կրակով:
Հետաքննության արդյունքում ձերբակալվել են երկու սպաներ, որոնց մեղադրում են զինվորների գործողությունները չվերահսկելու մեջ:
Բայց, ամենայն հավանականությամբ, այս անգամ ամեն ինչ հեշտ չի ավարտվի: Բաքվում լուրեր են շրջում, որ բանակի հրամանատարության վերին էշելոններում զգալի փոփոխություններ են սպասվում, քանի որ նախագահը՝ գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւը, համոզվել է իր գեներալների լիակատար անընդունակության մեջ: Դա, սակայն, կարող է սրել երկրում ներքաղաքական իրավիճակը: Գեներալները դժվար թե ցանկանան հենց այնպես լքել իրենց տաքուկ եւ «հարուստ» տեղերը:




























