«Բոլոր այն խոսակցությունները, թե ԵԽԽՎ-ում ճնշում են Հայաստանին, իրականում անիմաստ են, քանի որ հենց այդ կառույցում են քննարկվում մարդու իրավունքներին եւ այլընտրանքային կարծիք արտահայտելուն առնչվող հարցերը»,- փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով, Հայաստանում տիրող իրավիճակը եւ դրան ԵԽԽՎ-ի կողմից պարբերաբար կատարվող անդրադարձերը «ո՛չ երեկվա, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրվա բաներ չեն, այլ արդեն երկու տարվա»։ «Հայաստանի մասին 1609 բանաձեւը, որ ԵԽԽՎ-ում ընդունվել է դեռեւս 2008թ. ապրիլին, հստակ նշում է մեր երկրի՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում առկա խնդիրների մասին»,- նշեց Հովհ. Իգիթյանը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն իր ուշադրության կենտրոնում պատահականորեն չի պահում մարտի 1-ի դեպքերը. «Իշխանությունները դիմադրում են իրադարձությունների բացահայտմանը, քանի որ շղթայի քանդվելու դեպքում բազմաթիվ հարցեր կառաջանան՝ ո՞վ է դրանք կազմակերպել, ինչո՞ւ եւ այլն»,- ընդգծեց ՀՀՇ վարչության անդամը։

Վերջում Հովհ. Իգիթյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ ինքն էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը, իրենք այնտեղ գնում էին ոչ թե Հայաստանի շահերը պաշտպանելու, այլ ինչ-որ լավ բան կառուցելու համար։

ՀՀՇ-ական գործիչը նշեց նաեւ, որ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ճիշտ կաներ, եթե թույլ տար Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուին խոսել իրենց կողմից առաջ քաշված նախապայմանների մասին: «Այս կերպ Եվրոպան կտեսներ, որ գործընթացը տապալողը հենց թուրքական կողմն է, իսկ արձանագրություններն էլ չէին ստրագրվի»,- ամփոփեց նա։