Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հունվարի 13-ին մահացած 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի բացառվում է, որ ինքնասպանություն գործած լիներ կամ մահանար բնական մահով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սեդրակ Զատիկյանի մորեղբայրը` Մելս Հարությունյանը:
Նրա խոսքով, մեկ շաբաթից` դատաբժշկական փորձաքննությունից հետո նոր միայն կարող են իրենց կասկածների մասին բարձրաձայնել: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ Անդրանիկ Զատիկյանը Մալաթիայի ԵԿՄ բաժանմունքի նախագահն էր: «Տանը շատ էր կարդում: Մեկ տղա ունի, որը 1 տարեկան է եւ նրան իր սպանված եղբոր անունով էր կոչել` Սեդրակ Զատիկյան»,- ավելացրեց Մելս Հարությունյանը: Հարցին, թե լուսադեմին դրսում ինչ է արել` ասաց. «Չգիտեմ պարզապես լուսադեմին մեքենայի մեջ մահացած են հայտնաբերել: Ամեն ինչի վրա կարելի է կասկածել: Առողջ մարդը չէր կարող մեքենայի մեջ հենց այնպես մահանալ: Իսկ ինքնասպանություն չէր կարող լինել, քանի որ նա առողջ դատողություն ունեցող մարդ էր: Հետո ինքը գիտակցում էր, որ եղբոր ընտանիքը, երեխաները սաղ իր հույսին են: Ամեն ինչ հնարավոր է, բայց իր մահով մահանալ եւ ինքնասպանության վարկածը հնարավոր չի»,- ավելացրեց Մելս Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, ոչ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հունվարի 13-ին մահացած 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի հարազատները չեն հավատում, որ վերջինս մահացել է բնական մահով: Իսկ հարցին, թե ինչը կարող էր նրան մահվան հասցնել, Մելս Հարությունյանը ասել էր.«Նա իր շրջապատում թշնամիներ ուներ: Իր եղբորը սպանողների ցեղը: Նրանք իրար հետ չէին խոսում, բայց իրար մեջ միշտ վտանգ էին տեսնում: Ինչպես նրա հոր հանկարծամահությանը չեմ հավատում, այնպես էլ Անդրանիկի»:Անդրանիկ Զատիկյանը եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո ընտանիքի վերջին զավակն էր: «Այդ ընտանիքից մնացին ընտանիքը` մայրը` քույրս, երկու եղբայրների կանայք եւ երեխաները»,- ավելացրեց Մելս Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ երեկ` հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցենք, որ Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:





























