Շիրակի մարզում, դեկտեմբերի 1-ին, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհին  հարսանիքի մասնակցող «ՎԱԶ 21015» եւ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաների բախումից տուժած հարսնացուն` 23-ամյա Լուսինե Ղամբարյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:

Նրա փոխանցմամբ` դուրս գրվելուց հետո, հարսնացուն տեղափոխվել է հայրական տուն: Հարցին, թե ինչու նշանածի տուն չի տեղափոխվել արձագանքեց.«Ամեն ինչ նորմալ է  առաջիկայում կտեղափոխվի նշանծի տուն, բայց դեռ իր հայրական տանն է: Ապաքինվում է: Հոգեվիճակն էլ է նորմալ փորձում է ամեն ինչ հաղթահարել»:Իսկ վթարի պատճառները, նշեց, որ դեռ հայտնի չեն: Ավելի վաղ Արթուր Կարապետյանը տեղեկացրել էր, որ դուրս գրվելուց հետո Լուսինեն գնալու է նշանծի տուն:

Հիշեցենք, ո ր վթարի հետեւանքով փեսացուի եղբայրը` «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենանայի վարորդը` 23-ամյա Արմեն Դարբինյանը, մահացել է, իսկ «ՎԱԶ 21015»-ի ուղեւորը` հարսնացուն` 23-ամյա Լուսինե Ղամբարյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վթարից տուժել է նաեւ  հարսնացուի հորեղբայրը` 42-ամյա Հովհաննես Գեւորգյանը, ով եւս արդեն լավ է: Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ինքը եւս հրավիրված է եղել հարսանիքին: «Մեկ ամիս առաջ էր նշանդրեքը եւ այսօր պետք է ամուսնանային: Սակայն նախապատրաստական աշխատանքներով գյուղից դուրս են եկել, բախվել բարեկամի մեքենային եւ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Հարսին ցերեկը պետք է գային նվագով տանեին, հետո եկեղեցի եւ նոր հարսանյաց սրահ: Սակայն արդեն բոլորը գիտեն կատարվածի մասին ու էլ ի՞նչ հարսանիք: Փեսացուի կողմից մահ կա, իսկ հարսի կողմից 2 տուժող»,- պատմել էր գյուղապետը: