«Հրապարակը» գրում է. «Մինչ այս պահը ՀԱԿ-ի՝ Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռեւս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած մեր աղբյուրները պնդում են, որ թե «Ազատ դեմոկրատները», թե Կանաչների կուսակցությունը, ինչպես նաեւ ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», այդ թվում եւ ՀՀՇ-ի մի մասը` Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան:
Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես հայտարարել է Զուրաբյանը, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու իդեա-ֆիքսն է իշխում: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռեւս իրենց իշխանություն եղած ժամանակներում:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո-Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լեւոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս խնդրանքը: Զուրաբյանին օգնության է հասել ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը` առաջարկելով Սաբինա Ֆրեյզերին` Միջազգային ճգնաժամային խմբի տարածաշրջանային տնօրենին, որպես փորձագետ, Զուրաբյանին ընդունել աշխատանքի»:





























