«Պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմ կարող է լինել, բայց մենք պետք է պատրաստ լիենք ամեն ինչի»,- փետրվարի 5-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով վերջերս պատերազմի վերսկսման հավանականության մասին հայտարարությունները:

Նույն հարցի առնչությամբ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանն ասաց. «Պատերազմը դեռ ավարտված չէ: Սա նշանակում է, որ այն ցանկացած պահի կարող է վերսկսվել: Տեսականորեն դա չի բացառվում, բայց ես չեմ կարծում, որ պատերազմի վտանգն այդքան մոտ է: Մեծ երկրները, որոնք շահագրգռություններ ունեն այս տարածաշրջանում, պիտի որ մեծ ցանկություն չունենան նման զարգացման: Պատերազմի ժամանակ շատ դժվար է հետեւել եւ առավել եւս՝ վերահսկել գործընթացները»: Նրա խոսքով, եթե հանկարծ, այնուամենայնիվ պատերազմ սկսվի, դա չի լինի 90-ականների սկզբին տեղի ունեցածի նման, եւ «պատերազմ սկսողը հսկայական զոհեր ու փախստականներ է ունենալու»: