«Լոռվա ձմեռ 2013» ավանդական դարձած մարզատոնահանդեսն այս տարի տեղի կունենա փետրվարի 3-ին, սակայն եղանակային պայմաններից ելնելով հնարավոր է, որ այն հետաձգվի: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գեւորգ Մացակյանը:
Միջոցառման իրականացման համար համայնքի բյուջեից, ըստ նախահաշվի, հատկացվել է 2 մլն 370 հազար դրամ: Բաժնի պետի փոխանցմամբ` չնայած արդեն իսկ օրը հաստատված է, սակայն եղանակից ելնելով չի բացառվում, որ այն կհետաձգվի: «Էնտեղ արդեն ձնհալ է սկսվել, եթե մինչ փետրվարի 3-ը ձյուն չգա, ապա հարցը կդնենք հանձնաժողովի քննարկման ու հավանաբար կհետաձգենք»,-ասաց նա: Խոսելով 43-րդ ավանդական մարզատոնահանդեսի մասին, Գեւորգ Մացակյանն ասաց, որ այս տարի նոր բաներ լինելու են. «Կլինի փոքր ցերեկային հրավառություն, բեմի զարդարման աշխատանքներում փոփոխություններ կլինեն»:
Նշենք, որ «Լոռվա Ձմեռ 2013» ավանդական մարզատոնահանդեսը այս տարի էլ տեղի կունենա Թեժ լեռան հովտում: Մարզատոնահանդեսին ամեն տարի այցելում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետությունների ներկայացուցիչներ: Սա եւս լուրջ հեռանկարներ ունի Լոռիի մարզում տուրիզմի զարգացման հարցում:




























