Հայաստանում սկսվել է նախընտրական քարոզարշավի բուռն իրադարձություններով հագեցած փուլ` ունենալով իրական այլընտրանքային նախագահի թեկնածու: Այս մասին հունվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ որ խոսքը երկրի կառավարման համակարգի այլընտրանքի մասին է:
Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանն այլընտրանք է հանդիսանում ոչ միայն գործող նախագահին, այլ նաեւ վերջին տարիներին իշխանությունների ձեւավորած արժեքային համակարգին: «Չնայած նրան, որ իշխանությունների շնորհիվ ժողովուրդը կորցրել է ազատ եւ արդար ընտրությունների հանդեպ հավատը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նախկինում, շարունակում է հավատալ ժողովրդին եւ այդ հավատով կվերականգնի նրա վստահությունը», - ասել է Մարտիրոսյանը:
Ըստ քաղաքական գործչի` շատ քաղաքական տեխնոլոգներ հայտարարել են այն մասին, որ նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են եւ այդպես էլ տրամադրում են ընտրողներին: Նա կոչ է արել ընտրողներին չտրվել այդ խաբկանքներին: «Եթե ընտրողը պասիվություն ցուցաբերի եւ փետրվարի 18-ին քվեարկությանը չմասնակցի, նա այդկերպ կխթանի գործող նախագահի վերընտրությունը: Ընդ որում, Հայաստանում քվեարկելու ճանապարհով հնարավոր է հեղափոխություն կատարել»,- ամփոփել է նա:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























