Երեւան-Վանաձոր-Երեւան եւ Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղու սակագնի բարձրացումն անհիմն է: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: ՏՄՊՊՀ-ն այօրվա նիստում նաեւ հրապարակեց այդ երթուղիներում սակագնի թանկացման պատճառների ուսումնասիրության արդյունքները:
Հիշեցնենք, որ երթուղին անցյալ տարի հունիսից սակագինը բարձրացրել է 200 դրամով՝ 1200-ից մինչեւ 1400 դրամ:
Հիմք ընդունելով մամուլի հրապարակումները եւ քաղաքացիների բողոքները՝ ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրել Երեւան-Վանաձոր-Երեւան թիվ 403 երթուղին սպասարկող «Գասուռ» եւ Վանաձոր-Երեւան-Վանաձոր թիվ 404 երթուղին սպասարկող «Ոսկեթեւ» ընկերությունների գործունեությունը` գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով:
Սակագնի փոփոխությունը ուղեւորափոխադրողները պատճառաբանել են վառելիքի եւ ավտոպահեստամասերի թանկացմամբ: Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ նշված ժամանակահատվածում ուղեվարձի գնի ձեւավորման վրա ազդող որեւէ գործոն էականորեն չի փոփոխվել: Հարկ է նաեւ նշել, որ բոլոր մյուս երթուղիների սակագները մնացել են անփոփոխ:
Քանի որ խնդիրը առաջնահերթ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում, ապա Հանձնաժողովը վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա կդիմի նախարարությանը՝ ուղեվարձը նվազեցնելու եւ նախկին գինը վերականգնելու, այսինքն 1400 դրամից 1200 դրամ դարձնելու միջնորդությամբ:





























