Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին օրը եւ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հարցազրույցը ակնհայտ դարձրին, թե ինչ սցենարով են գնալու նախագահական ընտրությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ հավելելով,թե Սերժ Սարգսյանի խոսքում ակնհայտ էր, թե մնացած քառասուն տոկոսը ում կբաշխեն, ովքեր կզբաղեցնեն երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը:
Նա նշեց, որ ծրագրերի մրցություն չի լինելու, ընտրություն չի լինելու, իսկ նրանք, ովքեր մնում են ցուցակի մեջ, լեգիտիմացնում են ընտրությունները: Արամ Հարությունյանը ներկայացրեց իր մինիմում եւ մաքսիմում ծրագիրը: Մինիմում ծրագիրը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում թողնում ենք միայնակ: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ փետրվարի 8-ին ժամը 17.00-ին հանելու է իր թեկնածությունը՝ անկախ նրանից, թե ովքեր կհանեն եւ ովքեր չհանեն: Իսկ մեկ օր առաջ՝ փետրվարի 7-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ նստելու է հացադուլի: Նա նշեց, թե ովքեր կհանեն իրենց թեկնածությունները, անկախ թեկնածուներ են:
Արամ Հարությունյանի մաքսիմում ծրագիրն էլ այն է, որ թեկնածությունը հանում է նաեւ Սերժ Սարգսյանը, «դառնում է գարանտը ընտրությունների եւ ունենում է ապահով ծերություն»:





























