«ՀՀ ոստիկանության կողմից կոռուպցիայի ոլորտում զգալի աշխատանք է տարվել: 2009 թվականի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 580 հանցագործության դեպք, ինչը 40,3 տոկոսով ավել է, քան 2008 թվականի ցուցանիշը 352»,- փետրվարի 5-ի Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարել է ոստիկանապես Ալիկ Սարգսյանը:
Ըստ նրա, կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 56-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 49-ը հայտնաբերվել են ոստիկանության ջանքերով, ընդ որում 28-ը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից: 2009 թվականին հայտնաբերվել է առեւտրային կաշառքի 10 դեպք:
Ալիկ Սարգսյանը հիշատակել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ղեկավարների կողմից կաշառք ստանալու, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի եւ Մասիսի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կաշառակերության դեպքերը:
«Հենց հիմա էլ կաշառքի լուրջ հանցագործության դեպք է բացահայտվել՝ մոտավորապես 26 հազար դոլարի սահմաններում: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տնտեսական ծառայությունը հիմա աշխատում է հաղորդագրությունը երեկոյան հեռուստաընկերություններով թողարկելու: Լուրջ խումբ՝ պետական պաշտոնյաներ են, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ՝ պետ եւ տեղակալ»,- հայտնել է ոստիկանապետը՝ այնուհետեւ բացատրել. «Ինչի համար նշեցի վերջին դեպքը, պատահական չէ սա, այդ ուղղությամբ 2010 թվականին մենք մեր աշխատանքները ակտիվացնելու ենք, վերջապես պետք է հստակ երեւա՝ ինչ ասել է կոռուպցիայի դեմ պայքար»:




























