Մոսկվայում սպանված հայազգի դպրոցական Էդիկ Մարգարյանի մայրը` Ալլա Մարգարյանը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել: Ալլա Մարգարյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ հունվարի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Լարիսա Կրուտովսկայան վճռել է, որ գործ չհարուցելու մասին որոշումը ժամանակավոր է եղել:

«Ստացվում է, որ քննիչն ամեն ինչ պարզել է, իսկ դատավորը հանցակազմ չի տեսել»,-նկատեց Ա. Մարգարյանը: Նա նման որոշման հետ կտրականապես համաձայն չէ եւ մտադիր է  վերաքննիչ բողոք ներկայացնել դատավորի գործողությունների վերաբերյալ: «Ես չեմ պատրաստվում ետ կանգնել»,-ընդգծեց Ալլա Մարգարյանը:

Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:

Անցած տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած սթրեսային իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: