«Մենք կողմ ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները կայանան, բայց դեմ ենք, որ դրանք կայանան ամեն գնով»,- փետրվարի 5-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանն ու հավելեց. «Հարկերի մասին օրենքի նոր փոփոխություններով մտնում են նոր հարկեր, որոնց մասին մենք պատկերացում չունենք»:

Հիշեցնենք, որ անցած քառօրյայում այդ օրինագծի քննարկումը շատ բուռն էր: Օրինագծին դեմ էին արտահայտվում թե՛ ընդդիմադիր, թե՛ կոալիցիոն ուժերը ներկայացնող պատգամավորները: Իսկ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ հայտարարեց, որ թեեւ կոալիցիոն պատգամավորները դեմ են արտահայտվում, բայց քվեարկության ժամանակ «փիսիկի նման» կողմ են քվեարկելու:

Այս օրինագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ասաց. «Մենք լուրջ վերապահումներ ենք ներկայացրել: Լինելու են խորհրդարանական լսումներ այս հարցով: Եթե մեր առաջարկած լրամշակումներն ընդունվեն, բնականաբար կլինենք կողմ, եթե չընդունվեն, իհարկե՝ դեմ»: