Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանն այսօր՝ փետրվարի 5-ին իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Փաստաթղթերի հանձնման արարողությունը, որի միջոցով էլ իրականացվում է դիվանագիտական ներկայացուցչի հավատարմագրումը, կայացել է Մոսկվայում՝ Կրեմլյան Մեծ պալատում:
Եսայանի հետ միասին Ռուսաստանի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել եւս տասը դեսպաններ՝ Ավստրիայի, Զամբիայի, Հորդանանի, Լեսոտոյի, Մոնակոյի, Նիգերի, Օմանի, Տոնգայի եւ Ֆիջի Կղզիների Հանրապետության:
Համաձայն արարողակարգի՝ նախագահն ընդունում է հավատարմագրերը, հանդես գալիս ելույթով, որում գնահատական է տալիս համաշխարհային իրավիճակին եւ բնութագրում Ռուսաստանի հարաբերություններն այդ պետություների հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Օլեգ Եսայանին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին: Արմեն Սմբատյանն ազատվել էր այդ պաշտոնից, քանի որ նշանակվել էր ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:




























