"Անշուշտ մեծ ողբերգություն չի լինի, եթե յուրաքանչյուրս գնա իր ճանապարհով, մանավանդ, որ մենք նաև մեծ բան չենք ստեղծել, որ մեծ բան քանդենք: Մենք համախմբվել ենք ընդամենը մե՛կ խնդրի շուրջ համագործակցելու համար,- փետրվարի 5-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ հարաբերությունների խզմանն անդրադառնալով, կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:
Հիշեցնենք, որ օրերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ի հետ իրենց համագործակցությունն անհնար է դառնում՝ վերջինիս ցուցաբերած դիրքորոշումների պատճառով:
Ա. Շահբազյանն ասաց նաեւ. «Համենայն դեպս, կցանկանայի իսկապես պաշտոնական խոսք լսել, որովհետև այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք շարունակել, մանավանդ, որ առաջիկայում քննարկելիք խնդիրներ ունենք և գործողությունների ծրագիր պետք է մեր գործընկերների հետ ճշգրտենք: Այնպես, որ անելիք կա, իսկ եթե որևէ մեկն այս ճանապարհին կորոշի, որ ինքն ավելի ճիշտ կամ խելացի ուղի պետք է ընտրի, գործելակերպ է հստակեցրել, բարի՛ ճանապարհ, կցանկանանք մեծ հաջողություններ, նույնիսկ կմիանանք նրանց, ովքեր որ իսկապես ավելի խելոք ճանապարհով կգնան»:




























