Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը, որը դատարանի հայցադիմումին ի պատասխան դիմում էր ներկայացրել եւ խնդրել, որ նախնական նիստը հետաձգվի կամ անցկացվի իր բացակայությամբ: Հայցվոր կողմը երեկ չի առարկել, եւ դատարանը որոշել է նախնական դատական նիստը շարունակել պատասխանող կողմի բացակայությամբ:

Որպես հայցի փաստական հիմք՝ հայցվոր կողմը ներկայացրեց 2012թ. հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկված 2 զինվորական բժիշկների, որոնցից մեկը Վահե Ավետյանը առանց գիտակցության գալու մահացել է: Այդ կապակցությամբ ձեւավորվել է Վահե Ավետյան շարժումը, որը պահանջում է պատժել բժիշկ Վահե Ավետյանի սպանության համար բոլոր մեղավորներին, նշված հանգամանքների կապակցությամբ Ռ. Հայրապետյանը 2012թ. օգոստոսի 11-ին, «Նուվել դը Արմենի» ամսագրում հարցազրույց է տվել, որի ընթացքում վիրավորական եւ զրպարտող արտահայտություններ է թույլ տվել Դավիթ Սանասարյանի հասցեին:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորող եւ իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: