Լեռնային Ղարաբաղում շարունակվում են կրթության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ անցումը ավագ դպրոցների համակարգին։ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավագ դպրոցների ստեղծումն անհրաժեշտություն է։
Նա նաեւ հայտնել է, որ տարվա ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, հումանիտար հոսքի 30 եւ բնագիտական հոսքի 21 տոկոսը անբավարար գնահատականներ են ստացել։ Ամենավատն այս առումով N8 դպրոցն է։ Ցածր գիտելիքների տեր 28 սովորողներ թողել են ավագ դպրոցը եւ ուսումը շարունակում են միջին-մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատություններում։
Նախարարը նաեւ հայտնել է, որ 2010-2011 թթ. Լեռնային Ղարաբաղում կիրականացվի ավագ դպրոցների անցման ռազմավարության երկրորդ փուլը։ Ավագ դպրոցի կարգավիճակ կստանան հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցներ։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարծում է, որ ավագ դպրոցների համակարգի ներդնումը հանրապետությունում կրթական ոլորտի առաջընթացի հիմնական նախապայմաններից է։ Իսկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքով, 2-3 տարի անց ավագ դպրոցների համակարգում դրական փոփոխություններ կնկատվեն։




























