Պաշտպանի աջակցությանը դիմած կանայք, ովքեր ենթարկվել են հոգեբանական եւ ֆիզիկական բռնության, պաշտպանի աշխատակազմի միջնորդությամբ հաճախ են իրենց ապաստանը գտել «Լայթհաուս-Փարոս» կենտրոնում: Հետեւաբար` պաշտպանի աշխատակազմը այցելել է վերը նշված կենտրոն տեսնելու, թե ինչպես է դասավորվել իրենց օգնության դիմած կանաց հետագա կյանքը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ այս պահին ապաստարանում բնակվում են 11 կին, որոնցից երկուսը հղի են, իսկ մյուսներն էլ մեկ կամ երկու երեխաների հետ են:
Պաշտպանի աշխատակազմի կանանց իրավապաշտպան Աննա Սաֆարյանը նշեց, որ զրուցեցել են նաեւ կանանց հետ: «Նրանց հայացքների մեջ, թեեւ նկատելի էր թախիծն ու տխրությունը, սակայն նրանք մի բան հաստատ լավ էին գիտակցում` այս ապաստարանում իրենք եւ իրենց մանկահասակ երեխաները ապահով են ամեն տեսակ բռնություններից եւ դաժան վերաբերմունքից»,-ընդգծեց Աննա Սաֆարյանը: Պաշտպանի աշխատակազմը համոզվել է նաեւ, որ վերը նշված կենտրոնը ապաստարանը հագեցած է կնոջ եւ երեխայի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` մեծ դահլիճ, որտեղ շաբաթը մեկ անգամ կանայք անցնում են Սուրբ գրքի ուսումնասիրություն, ճաշարան, խոհանոց, խաղասենյակ, գինեկոլոգիական եւ ստոմոտոլոգիական կաբինետներ, որտեղ պարբերաբար զննություն են անցնում կենտրոնում գտնվող կանայք: Կանանց ամենօրյա զբաղմունքն ապահովելու համար կենտրոնը մշակել է նաեւ ծրագիր, որի շնորհիվ կանայք սովորում են կար ու ձեւ, մատնահարդարում, վարսահարդարում, համակարգչային հմտություններ: Կենտրոնն ունի նաեւ հոգեբան, ով մշտապես աշխատում է բռնության ենթարկված կանանց հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Լայթհաուսի տնօրեն Նաիրա Մուրադյանի եւ հոգեբանի հետ այցելել են նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մեկ շաբաթ է արդեն պառկած է Պաշտպանի միջնորդությամբ Լայթհաուս-ում բնակվող հղի կանանցից մեկը:
«Մեզ հարազատի պես ընդունած 21-ամյա կինը, ով դեռ մանկուց սկսած տարբեր տեսակի բռնությունների ու շահագործման էր ենթարկվել, անչափ ուրախացավ ու սկսեց արագ-արագ պատմել. «Մայրս էսօր եկել էր, իմ համար չէր եկել, քրոջս էր բերել բժշկի, 2 րոպե էլ չմնաց, չգրկեց, չհամբուրեց, մենակ ասեց բժշկի հետ կխոսեմ ու գնաց: Ոչ-ոք ինձ պետք չի: Մենակ մի բան եմ ուզում կյանքում, որ իմ բալիկը առողջ ծնվի, ու նա իմ համար կդառնա եւ մայր, եւ հայր, եւ քույր եւ եղբայր… ամեն ինչ»,- պատմեց Աննա Սաֆարյանը:





























