Սերժ Սարգսյանը նախընտրական PR-ն իրականացնում է ամերիկյան տեխնոլոգիաներով եւ ամեն մի հանդիպման ներկայացնում է ոչ թե ամբողջ ծրագիրը, այլ խոսում է մի թեմայի շուրջ` խորը, հանգամանորեն եւ լայն: Իսկ հանդիպումները այնքան են, ինչքան նա ունի կարեւոր դրույթներ, կետեր իր ծրագրերում: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա` Րաֆֆի Հովհաննիսյանը եւս նախընտրական PR-ի լավ տեխնոլոգիաներ է կիրառում, քանի որ նրա ձայնի առոգանությունը եւ ձայնը հոգեբանական ազդեցություն ունեն: «Բագրատյանը հույսը դնում է ընտրողների անալիտիկ կարողությունների եւ տնտեսագիտական գիտելիքների վրա, ինչը միայն փոքր մասնագետների խումբ է: Իսկ Պարույր Հայրիկյանը մնում է իր հայրենասիրական շրջանակներում»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը: Իսկ մյուս չորս թեկնածուներին, ովքեր գերագնահատում են իրենց շանսերը, հետեւյալ կերպ բնութագրեց: «Դա հոգեբուժության մեջ կոչվում է պարանոյա: Քաղաքագիտության մեջ էլ մանկամտություն է կոչվում: Ուղղակի մարդիկ դրա մասին չգիտեն եւ հանդես են գալիս այդ դերակատարությամբ»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:

Ահարոն Ադիբեկյանի փոխանցմամբ` այս ընտրությունների ելքը կանխատեսելի է, ուստի կաշառելու իմաստը կորում է: Իսկ ներկա պահին ընտրակաշառք ակնկալում են չկողմնորշված ընտրողների մոտ երեք տոկոսը:

«Օրինակ տարբեր երկրներում տարբեր ձեւի են գնահատում կաշառքը: Բերեմ պոռնկության օրինակը: Նյու Յորքում դատապարտում են փող տվողին, թե ինչի ես փող տալիս , որ խեղճ ընկերուհին գայթակղվի: Շվեցարիայում դատապարտում են երկուսին, որ օրենք են խախտում: Ֆրանսիայում տիկնոջն են դատում, թե ինչու է փող վերցրել: Հիմա մեզ մոտ չգիտենք, թե ում դատապարտենք` փող տվողի՞ն, վերցնողի՞ն, երկուսի՞ն, թե՞ մեզ բոլորին»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am