Ռուսաստանը կոչ է անում բոլոր երկրներին, հրաժարվել առճակատման արտաքին քաղաքականությունից եւ արդիական խնդիրների լուծման համար ստեղծել նոր միասնական մոտեցում: Այս մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարելէ փետրվարի 5-ին Ռուսաստանում հավատարմագրված դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:

Մասնավորապես, դիմելով Հայաստանի նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանին, Մեդվեդեւը ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի լուծմանը: «Ռուսաստանը պատրաստ է այսուհետ եւս օգնել բանակցային գործընթացի դրական ընթացքին: Վստահ եմ, որ դա ամբողջությամբ բխում է Կովկասում խաղաղություն հաստատելու շահերից»,- ասել է նա: ՌԴ նախագահի խոսքով, Ռուսաստանը առաջնահերթություն է համարում ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում աշխատանքների շարունակումը եւ միջազգային կառույցներում համակարգված աշխատանքը:

«Արտաքին քաղաքականության մեջ, մենք ձգտում ենք ապահովել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի միասին աշխատենք, որպեսզի ստեղծենք աշխատանքի նոր կառուցվածք եւ առճակատման քաղաքականության փոխարեն, ստեղծենք նոր միասնական մոտեցում, որը թույլ կտա միասնական ու արդյունավետորեն պայքարել այնպիսի գլոբալ վտանգների դեմ, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, պարենային դեֆիցիտը, կլիմայի փոփոխությունները, ստեղծել արդար, հավասարակշռված եւ կայուն կարգ ու կանոն»,- ասել է Մեդվեդեւը: