Նախընտրական քարոզարշավի ժամանակ ամենակարեւորը մարդու ենթագիտակցության վրա ազդելն է: Այս մասին այսօր` հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Նրա խոսքով` համապետական ընտրությունները զանգվածային հասարակական գործընթացներ են, որոնց ժամանակ կան երկու խաղացողներ՝ ընտրողներ եւ թեկնածուներ, ովքեր, աշխատելով զանգվածների հետ, ձգտում են հասարակությանը վերածել ամբոխի` հոգեբանական իմաստով:
Արմեն Սողոյանի խոսքով` ընտրություններից հետո լինում է հետընտրական ապատիա կամ ֆրուստրացիա՝ հուսախաբություն։ Հոգեբուժական ասոցիացիայի նախագահն ասաց, որ մարդիկ փորձում են ձայն տալ այն թեկնածուին, ով ազդում է ենթագիտակցության վրա: Իսկ երբ իրականությունն ու ենթագիտակցականը չեն համապատասխանում, ապա հուսախաբությունները անխուսափելի են: Թեեւ, նրա կարծիքով, Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում մարդիկ հազիվ թե սթրեսների ենթարկվեն, որովհետեւ նրանք արդեն հոգեբանորեն պատրաստ են:
Ասուլիս մյուս բանախոսը` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, ասաց, որ դա հանրության ուշադրությունը գրավելու քայլ է: Նրա խոսքով` հացադուլը քաղաքական նոր մշակույթի ձեւ է, եւ մեր մոտ հանրությունը դեռ շատ չի վստահում հացադուլավոր քաղաքական գործիչներին: Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ հացադուլն այս իմաստով շատ ավելի է ազդում, քան ցանկացած խոսք:





























