Ոստիկական բաժանմունքում ծեծի ենթարկված Ռոբերտ Հովսեփյանի մայրը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին, Երեւանի դատախազին եւ նախագահի նախընտրական շտաբին: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում Հովսեփյանի մայրը` Նարինե Ասատրյանը հայտնեց, որ պահանջում է դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը:
Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ քրեական գործը նախօրեին փոխանցվել է դատարան, սակայն Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ռոբերտ Հովսեփյանը 2012-ի հոկտեմբերի 3-ին, այլ 5 անձանց հետ բերման է ենթարկվել ոստիկանություն՝ գողության կասկածանքով: Նա պնդում է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո: Միաժամանակ, փաստաթղթերում նրան բերման ենթարկելու ամսաթիվ է նշված հոկտեմբերի 4-ը:
Նրա փաստաբանի եւ հարազատների պահանջով՝ փորձաքննություն է անցկացվել, որը երիտասարդի մարմնի վրա տարբեր վնասվածքներ եւ ծեծից մնացած կապտուկներ է հայտնաբերել:
Բացի այդ, նրա փորին եւ ձեռքերին եղել են ոչ խորը կտրվածքներ, որն ինքն է իրեն հասցրել՝ ի նշան բողոքի: Նույն փորձաքննությունը նաեւ լսողության, ինչպես նաեւ կողերի հնարավոր վնասման հետ կապված խնդիրներ է հայտնաբերել, որոնք նույնպես ծեծի հետեւանք են:
Հովսեփյանի հարցաքննությունը տեղի է ունեցել առանց նրա փաստաբանի, ինչն անօրինական է: Երիտասարդը 2008-ի հունիսից գրացված է Նյարդաբանական դիսպանսերում եւ հարցաքննությանը նրա փաստաբանի ներկայությունը պարտադիր է եղել:
Նշենք, որ երիտասարդը բերման է ենթարկվել գողությունների շարքին առնչություն ունենալու կասկածանքով: Մեղադրանքի յոթ դրվագներից 6-ը հանվել են: Ոստիկաննների գործողությունները բողոքարկելու արդյունքում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժնի երկու օպերլիազորների՝ Խաչկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունների անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) եւ 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:
Որպես բողոք` Ռոբերտ Հովսեփյանը հացադուլ էր սկսել, որն ստիպված դադրեցրել է առողջական խնդիրների պատճառով:





























