Եթե Իրանը կառուցողական պատասխան չտա իր ատոմային ծրագրի վերաբերյալ, Ռուսաստանը ստիպված կլինի հարցը բարձրացնել ՄԱԿ Անվտանգության Խորհրդում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր գերմանացի գործընկերոջ՝ Գիդո Վեսթերվելլեի հետ հանդիպումից հետո:

«Իրանի հարցով Ռուսաստանն ու Գերմանիան մասնակցում են „3+3“ խմբի աշխատանքներում, մենք հավատարիմ ենք այն պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել այդ ձեւաչափի շրջանակներում, իրանական ատոմային ծրագրի կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդներին»,- հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով, եթե ինչ-ինչ իրավիճակներում Մոսկվան կառուցողական պաատսխան չտեսնի Իրանից, «մենք այդ մասին կխոսենք ՄԱԿ ԱԽ-ում»:

Լավրովը հայտարարել է նաեւ, որ մտադիր է այսօր Մյունխենում հանդիպել իր իրանցի գործընկերոջ՝ Մանուչեհր Մոթթաքիին եւ համոզել՝ պատասխանել ՄԱԳԱՏԵ-ի առաջարկներին:

«Ես կփորձեմ մենք անգամ եւս նրան հասցնել „3+3“ ձեւաչափի համատեղ դիրքորոշումը»,- ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»: