Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանը փետրվարի 5-ին փոխըմբռնան հուշագիր են ստորագրել: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարը, պատգամավորներ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը, հյուրեր:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը փաստաթղթի ստորագրման կապակցությամբ հայտարարել է, թե «այս հանդիպումը նշանավորում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների նոր համագործակցության սկիզբը»:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը գոհունակություն է հայտնել ծրագրին ամերիկյան կողմի մասնակցության առիթով:
Ստորագրված հուշագրով նախատեսվում է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, զարգացնել Ազգային ժողովի տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական եւ հետազոտական հնարավորությունները, կատարելագործել խորհրդարանի վերահսկողական գործառույթը, պատգամավորներին եւ աշխատակազմին միջազգային փորձն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել:
Հուշագրով սահմանված նպատակները եւ միջոցառումները իրագործելու համար նախատեսվում է ձեւավորել աշխատանքային խումբ:



























