«2009 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված տարբեր օրինախախատումների փաստով հարուցվել է 45 քրեական գործ, որոնցից 22-ն ուղարկվել է դատարան: Ոստիկանության ծառայողի պատիվն արատավորող անձանց նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը միանշանակ է: Համակարգը վերջիներից ազատվելու հարցում դրսեւորելու է սկզբունքայնություն ու վճռականություն»,- փետրվարի 5-ին ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Ոստիկանապետը նշել է նաեւ, որ շարքային քաղաքացիների հանդեպ լկտի եւ ցինիկ վարվելակերպ դրսեւորելու համար 2009թ. ՀՀ ոստիկանությունից ազատվել են բազմաթիվ ոստիկաններ:

«2009 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողին ոչ վայել արարք կատարելու համար 84 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ կարգապահական տույժի են ենթարկվել 939 ծառայողներ, որոնցից 44-ը ազատվել են ոստիկանությունից, 12-ի պաշտոնն է իջեցվել, 8 ոստիկանի՝ կոչումը: Զգուշացվել են 40 ծառայողներ»,- նշել է ոստիկանապետը:

Ըստ Ալիկ Սարգսյանի, պետք է հիմնովին վերակառուցել ոստիկանության գործելաոճը, ձեռնարկել միջոցներ ոստիկանության կադրերի շրջանում քաղաքացիների հետ բարեկիրթ վերաբերվելու, կուլտուրա սերմանելու, գործունեության ընթացքում օրինականության անշեղ պահպանման ուղղությամբ: