Հայաստանը տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար անհրաժեշտ է մոտ 3 մլրդ դոլար։ Այս մասին փետրվարի 5-ին կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Ըստ նրա՝ ՀՀ կառավարության հաստատած «Զբոսաշրջության հայեցակարգով» նախատեսվում է այդ նպատակին հասնել մինչեւ 2020 թվականը։ «Նշված գումարից պետության ներդրումների քանակը կկազմի մոտ 700 մլն դոլար, իսկ մնացած ներդրումները կկատարի մասնավոր հատվածը»,- նշեց զբոսաշրջության վարչության պետը՝ ավելացնելով, որ հայեցակարգը մշակելիս հաշվի է առնվել գործարարների տրամադրվածությունը, որոնք այդ ժամանակ հավանություն են տվել ծրագրին։
Ապրեսյանը հույս հայտնեց, որ երկրում տնտեսական իրավիճակը կբարելավվի, եւ գործարարները կսկսեն կատարել խոստացված ներդրումները։
Վարչության պետի խոսքով՝ 2009թ. Հայաստանում զբոսաշրջությունը 3 տոկոս աճ է արձանագրել։ Պատճառը՝ երկրի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն միտված ճիշտ քաղաքականությունն է եւ Հայաստան այցելող տուրիստների յուրահատուկ խավը։ «Հայաստան այցելող զբոսաշրջիկների մի զգալի հատվածը տարեց մարդիկ են, ովքեր շրջագայում են իրենց կենսաթոշակի հաշվին։ Տնտեսական ճգնաժամը չի ազդել նրանց վրա, քանի որ նրանք, միեւնույնն է, ստացել են իրենց թոշակները»,- ասաց Ապրեսյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ 2010 թվականին Հայաստանի զբոսաշրջությունը շուրջ 5 տոկոսանոց աճ կունենա, քանի որ մեր երկրով սկսել են հետաքրքրվել ԱՊՀ-ի, Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի քաղաքացիները: Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս նաեւ Իրանից ու սկանդինավյան երկրներից:
Ըստ նրա՝ Հայաստանում զբոսաշրջության իսկական խոչընդոտ է դարձել սանհագույցների բացակայությունը եւ մշակութային հուշարձաններ տանող ճանապարհների անխնամ վիճակը։ Ապրեսյանը տեղեկացրեց, որ բիոզուգարաններ տեղադրելու առաջարկներ կան։ «Գիտեք, եւ երեւի նաեւ ուսումնասիրել եք, որ միջազգային պրակտիկայում բիոզուգարաններ կան, կամ այլ հակավանդալիստական զուգարաններ, որոնք տեղադրվում են բնակավայրերից հեռու»,- ասաց Ապրեսյանը՝ չմանրամասնելով սակայն, թե որոնք են այդ «հակավանդալիստական» զուգարանները, սակայն նշեց, որ դրանցից հնարավոր է տեղադրել։




























