«Մենք պետք ենք միմյանց, մենք հետաքրքրված ենք համագործակցությամբ, մեր ըմբռնումները համընկնում են գրեթե բոլոր երկկողմ, բազմակողմ եւ միջազգային խնդիրների շուրջ»,- «ԱզերԹաջին» տված հարցազրույցում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին այսպիսի գնահատական է տվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Այսօրվա երկկողմ հարաբերություները գնահատելով դրական՝ Նարիշկինը հույս է հայտնել, որ դրանք ավելի մեծ զարգացում կապրեն. «Ես կարծում եմ, որ մենք միմյանց հետ երկար եւ հավերժ կլինենք»:

Նա հիշեցրել է վերջերս կայացած ռուս-ադրբեջանական հումանիտար համաժողովի մասին՝ նշելով, որ հանդիպումներն անցել են ջերմ եւ ընկերական մթնոլորտում. «Մենք հուսով ենք, որ դա ամենամյա շփումների առիթ կարող է դառնալ։ Նախագահ Իլհամ Ալիեւը հավանության է արժանացրել դա, եւ Դմիտրի Մեդվեդեւն էլ սատարել է այս գաղափարը, այնպես որ հետագայում ավելի ակտիվ ենք աշխատելու»:

Նարիշկինը նաեւ ընդգծել է, որ երկու երկրների վարչակազմերի միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տարվում երկկողմ կապերի խորացման ուղղությամբ։

«Բազմաթիվ պլաններ կան, եւ ռուս-ադրբեջանական համաժողովը մեկն է այն նախագծերից, որում մասնակցություն են ունեցել մեր երկու երկրների նախագահների աշխատակազմերը։ Մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք, բոլոր ուղղություններով աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, բավականին շատ բան է արվում արդեն այսօր։ Ես կարծում եմ, որ մեր համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի»,- ամփոփել է Նարիշկինը։