ԱՄՆ Կոնգրեսում հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւի ընդունման հնարավորությունը բավական բարձր է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի որոշումը՝ մարտի 4-ին քննարկման դնել հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը:
«Կարելի չէ վերջնական բան ասել, բայց հավանականությունը բավական մեծ է, եւ այդ ուղղությամբ են աշխատում Հայ դատի հանձնախումբն ու ընդհանրապես հայ համայնքը»,- նշեց դաշնակցական գործիչը:
Մանոյանը նաեւ չի կարծում, թե դա Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հերթական միջոցն է ԱՄՆ-ի կողմից: «Ավելի շուտ սա Ամերիկայի հայ համայնքի եւ կոնգրեսական որոշ շրջանակների կողմից ճնշում է Սպիտակ տան վրա, որ Սպիտակ տունը երկու խնդիրները՝ ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրար չկապի»,- մանրամասնեց Մանոյանը:
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե հրեական շրջանակներում վերջին շրջանում ինտենսիվ քննարկումներ են ընթանում, որ Իսրայելը պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, Կիրո Մանոյանը նկատեց. «Իսրայելի իշխանությունները տակավին դեռ այդ եզրակացությանը չեն եկել: Իսրայելում հասարակական կարծիքը բավական ի նպաստ է Հայոց ցեղասպանության ճանաչման, իսկ Ամերիկայի մի շարք հրեական կազմակերպություններ, որ մինչեւ վերջերս աջակցում էին Թուրքիային, նույն խանդավառությամբ աջակցելու մտադրություն չունեն, հատկապես Թուրքիայի կողմից Իսրայելի հասցեին հնչած քննադատությունների ֆոնին»:




























