Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավոր այցով փետրվարի 15-16-ին այցելելու է Իսրայել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց կառավարության ղեկավարի օգնական Արամ Անանյանը:
Այցի ընթացքում նրան ուղեկցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Հայաստանի վարչապետի առաջիկա այի կապակցությամբ իսրայելական IzRus կայքը հոդված է հրապարակել՝ «Մեծ խաղի հատվածը. Հայաստանի վարչապետն այցելում է Իսրայել», որում վերլուծում է երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը վերջին տարածաշրջանային իրադարձություններից հետո:
Հատկանշանական է փաստը, որ Հայաստանի վարչապետը Սուրբ երկիր է այցելելու Իսրայելի ԱԳՆ ղեկավարի՝ պատմության ընթացքում առաջին անգամ Ադրբեջան կատարելիք այցից (փետրվարի 9-11) մի քանի օր հետո, նշում է աղբյուրը:
Պարբերականը նշում է, որ հայ-իսրայեական հարաբերությունները գտնվում են սաղմնային վիճակում: «Առաջին հերթին, որովհետեւ Երուսաղեմը խուսափում էր Երեւանի հետ կապերի ակտիվացումից Անկարայի հետ սերտ համագործակցության պատճառով, իսկ թուրքերը համարվում էին հայերի երդվյալ թշնամիները»,- գրում է կայքն ու նշում, որ հայ-թուրքական մերձեցումից եւ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: Ըստ IzRus-ի՝ Իսրայելը չէր ակտիվացնում իր հարաբերությունները Հայաստանի հետ, վերջինիս՝ Իրանի հետ համագործակցության պատճառով:
Պարբերականը նշում է նաեւ, որ Հարավային կովկասի բոլոր երկրների հետ հարաբերությունների պահպանումը կնպաստի Իսրայելին «Մեծ եվրասիական քաղաքականության» մեջ ավելի լավ ընդգրկվել, իսկ դա օգտակար է Իրանի դեմ գործողություններում:




























