Բաքվում ավտոմեքենան վաղուց ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց։ Նրանց քանակը Ադրբեջանի մայրաքաղաքում շատ է ավելացել։ Ավտոմեքենաներից շատերը երկար ժամանակ է, որ շահագործվում են եւ ծերացել են ոչ միայն բարոյապես, այլեւ էկոլոգիական տեսանկյունից։ Նման դատողություններ է անում Ադրբեջանական «Зеркало»- ի ընթերցողներից մեկը պարբերականի էջերում։ Նա իր անհանգստությունն է հայտնում Բաքվի էկոլոգիական վիճակի վերաբերյալ, որտեղ արդեն շնչելու օդ չի մնացել։ «Խորհրդային ժամանակաշրջանում էկոլոգիական վատ վիճակի համար մեղադրում էին արդյունաբերությանը։ Հիշենք միայն, այսպես կոչված, „սեւ քաղաքը“, որն այդ անունը ստացել էր ամբողջապես արտադրական թափոներով լցված լինելու պատճառով։ Ներկայումս, եթե ինչ որ արդյունաբերություն կա, ապա գերազանցապես նավթայինն է։ Սակայն այսօր Բաքվի օդն աղտոտողները գլխավորապես ոչ թե գործարաններն են, այլ „երկաթե ձիերը“»-գրում է ընթերցողը։
Նշենք, որ Ադրբեջանի բնապահպանության նախարարության համար նորություն չէ այն, որ մեծ քաղաքներում մթնոլորտի աղտոտումը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը։




























