ՀՀ ոստիկանությունն այլեւս հնարավորություն չի ունենա բյուջեն համալրել՝ վարորդներին տուգանելով պետհամարանիշի վրա եռագույն դրոշը փակցնելու համար։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Պարզվում է, ըստ ոստիկանության, եռագույնը մեքենայի համարանիշին ունենալը վարչական իրավախախտում է, որի համար վարորդին պետք է տուգանել 10 հազար դրամ։ Հունվարի 23-ին վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ, բավարարել  է քաղաքացի Վահագն Վարագյանի դիմումը, ով դատարանում վիճարկել է իրեն տուգանելու ոստիկանության որոշումը։ «ՀՀ օրենսդրության մեջ որեւէ տեսակի արգելք չկա, որը քաղաքացուն արգելի եռագույն դրոշ ունենալ պետհամարանիշի վրա»,- «Ժամանակին» ասաց պաշտպան Արմինե Ստեփանյանը՝ հավելելով, որ պետհամարանիշը համապատասխանելէ  ստանդարտին. ինքնաշեն չի եղել եւ բավական ընթեռնելի է եղել։ Պաշտպանի խոսքերով՝ այդ հոդվածով այսօր շատերի են տուգանում։ «Մենք առաջինն էինք, որ դիմեցինք եւ հաղթեցինք։ Հիմա սա նախադեպ կլինի վարորդների համար, որ չվճարեն։ Էստեղ առկա է օրենքի չիմացություն եւ ոստիկանի կողմից օրենքը ճիշտ չկիրառելը»,- ասաց պաշտպանը»,- գրում է «Ժամանակը»։