Այսօր` հունվարի 29-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ պատահարների եւ դրանց արձագանքման միջոցառումների մասին։

Այս օրերին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին հաշվետվություններ են ներկայացնում ԱԻՆ մարզային կառույցները։ Մարզպետարաններում ամփոփիչ խորհրդակցությունների ժամանակ նշվել է հակակարկտային ծառայության աշխատանքի արդյունավետության մասին եւ առաջարկություններ են եղել ավելացնել մարզերում հակակարկտային կայանների քանակը։

Ամփոփելով անցած շաբաթվա աշխատանքները, նախարար Ա. Երիցյանը նշել է. «Մենք չպետք է բավարարվենք այսքանով, քանի որ ձեռքբերումները մեզ ավելի են պարտավորեցնում` շարունակել աշխատանքը նույն ոգով ու շարժվել առաջ։ Այս տարի մենք պիտի աշխատանքներ տանենք նոր ամենագնացներ ձեռք բերելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք օգնություն ցուցաբերել հեռավոր ու դժվարանցանելի բնակավայրերում ապրող մեր համաքաղաքացիներին։ Մյուս կարեւոր խնդիրը Գառնիի դիտարանի վերազինումն է ու գործարկումը` որպես միջազգային գիտական կենտրոն։ Անհրաժեշտ է սերտացնել նաեւ համագործակցությունը մեր տարածաշրջանի երկրների սեյսմիկ ծառայությունների հետ»։

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն` Մ. Պողոսյանը զեկուցել է հունվարի 27-28-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպված «Արտակարգ իրավիճակների ժամանակ երեխաների հոգեբանա-սոցիալական աջակցության համակարգում» թեմայով աշխատանքային հանդիպման մասին։ Նպատակն էր քննարկել ԱՌՆԱՊ-ի աշխատանքային խմբի կողմից մշակված` երեխաներին հոգեբանա-սոցիալական աջակցություն տրամադրելու կարգի եւ արտակարգ իրավիճակների ժամանակ երեխաների հայտնաբերման, գրանցման եւ ապահով վայր ուղեկցելու մեխանիզմը: