Եթե նախագահի երեք թեկնածուներ՝  Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվեն, ապա նախագահական ընտրություններում երկրորդ փուլի կարիք չի լինի: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա, եվրոպացի մասնագետների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 69%-ն աջակցում են իր քաղաքական ծրագրին: «Հետեւաբար, ծրագրային դրույթների տեսակետից հայ ժողովուրդը նախընտրում է Պարույր Հայրիկյանի ծրագիրը: Օր օրի իմ վարկանիշն աճում է եւ կաճի», - վստահեցրել է նախագահի  թեկնածուն:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի միավորումը, նա պատասխանել է, որ եթե նշված երեք թեկնածուները համաձայնության հասնեն, ընտրությունները մեկ փուլով կավարտվեն, եւ անգամ աթոռը չի փրկի գործող նախագահին: