Երեկ կեսգիշերին հրդեհվել է Եզնիկ Կողբացի փողոցում` Մարգարյան հիվանդանոցի մոտ գտնվող բենզալցակայանը, զոհեր եւ տուժածներ չկան: Հատկանշական է, սակայն, որ այդ փոքրիկ բենզալցակայանը պատկանում է Մուսկուլ Գագո մականվամբ հայտնի Գագիկ Մաթեւոսյանին, որն այժմ ձերբակալված է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեղադրանքով:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին պայթյուն էր տեղի ունեցել Տերյան 19 շենքի մերձակայքում, որտեղ էլ բնակվում է Գագիկ Խաչատրյանը: Բարեբախտաբար պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չէին եղել, թեեւ դեպքի վայրից հայտնաբերվել էր մոտ 600 գրամ տրոտիլ, որը բավարար էր ողջ շենքն օդ հանելու համար:

Շաբաթներ անց ԱԱԾ-ն հայտարարեց, որ մահափորձի պատվիրատուն Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին է` Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Ռոբերտ Երիցյանը, որն էլ իբր Ռոբերտ Մասումյանի միջոցով պատվեր է տվել Գագիկ Մաթեւոսյանին: Ռոբերտ Երիցյանն այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Ըստ ԱԱԾ-ի` Գագիկ Մաթեւոսյանը եղել է մահափորձի գլխավոր կազմակերպիչը եւ խմբի ղեկավարը: Գագիկ Գաբրիելի Մաթեւոսյանը ազատամարտիկ է, 1992-1997թթ ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ, արցախյան պատերազմում կորցրել է մի աչքը: