Փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, քվեաթերթիկների 92,83 տոկոսի ամփոփման արդյունքում Վիկտոր Յանուկովիչի եւ Յուլիա Տիմոշենկոյի ստացած ձայների տարբերությունը կամաց-կամաց կրճատվում է, սակայն Ղրիմում դեռ մշակված չեն արձանագրությունների գրեթե կեսը:
Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով, այս պահի դրությամբ, Վիկտոր Յանուկովիչը ստացել է 48,44 տոկոս, իսկ Յուլիա Տիմոշենկոն` 45,92 տոկոս: Նրանց ձայների միջեւ տարբերությունը կրճատվել է` հասնելով 2,52 տոկոսի (քվեաթերթիկների 91,79 տոկոսն ամփոփելու ժամանակ այդ տարբերությունը կազմում էր 2,58 տոկոս):
Թեկնածուներից ոչ մեկին չի պաշտպանել ընտրողների 4,44 տոկոսը: Բացարձակ թվերով Յանուկովիչի օգտին քվեարկել է 11 միլիոն 416 հազար 960 ընտրող, իսկ Տիմոշենկոյի օգտին` 10 միլիոն 822 հազար 469 ընտրող: Նկատենք, որ Ղրիմում հաշվել են արձանագրությունների միայն 57 տոկոսը, Լուգանսկի մարզում` մոտ 76 տոկոսը, Վոլինում` 85 տոկոսը, Կիրովոգրադում` մոտ 84 տոկոսը: Մնացած շրջաններում հաշվված է արձանագրությունների 90-100 տոկոսը:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոյի շտաբը մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները, իսկ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ եթե ընտրակեղծիքներ լինեն, ինքը ժողովրդին փողոց դուրս կբերի:




























