«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը պետք է Միխայիլ Սահակաշվիլիին հայտնի, որ ԱՄՆ-ը Վրաստանին տնտեսական օգնություն կցուցաբերի միայն այն դեպքում, եթե վերջ դրվի օրեցօր մեծացող բռնապետությանը, կաշառակերությանը և ոչ ժողովրդավարական կառավարությանը»,- բրիտանական «Guardian» թերթում տպագրված իր հոդվածում նշում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում. Միասնական Վրաստան» ընդդիմական կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Խնդիրը, որի հետ կբախվի Սահակաշվիլին, և այն հնարավորությունը, որը փոխնախագահ Բայդենն առաջարկում է մեզ` Վրաստանը նորմալ ուղու վրա դնելու կողմնակիցներիս, կայանում է նրանում, որ առանց միջազգային օժանդակության Սահակաշվիլիի ռեժիմը պարտության կմատնվի»,- հայտարարել է Բուրջանաձեն:
Հիշեցնենք, որ Նինո Բուրջանաձեն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ կհանդիպի այսօր: Դրանից զատ, Բայդենը հանդիպելու է նաև Վրաստանի ընդդմության ներկայացուցիչներ Իրակլի Ալասանիայի, Լևան Գաչեչիլաձեի և խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գեորգի Թարգամաձեի հետ:



















