Երեկ` փետրվարի 7-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացել է «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի կիզաեզրափակիչների մասնակից երկրների դասակարգման վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքէջը:
Ըստ այդմ, «Եվրատեսիլ-2010»-ի 2 կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունենալու մայիսի 25-ին եւ 27-ին: Հայաստանը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 27-ին: Այդ օրը Հայաստանի հետ կմրցեն Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեյցարիան, Լիտվան, Իռլանդիան, Սլովենիան, Շվեդիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Խորվաթիան, Դանիան, Կիպրոսը, Ռումինիան, Իսրայելը: Ընդհանուր առմամբ, թե՛ առաջին, թե՛ երկրորդ կիսաեզրափակիչներին կմասնակցեն 17 երկրներ:
Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակիչին, ապա այստեղ պայքարը կընթանա Ռուսաստանի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Սլովակիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Իսլանդիայի, Մոլդովայի, Մալթայի, Պորտուգալիայի, ՆՀՀ Մակեդոնիայի, Լատվիայի, Բելառուսի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի եւ Էստոնիայի միջեւ:
Նշենք, որ Հայաստանում դեռ չի որոշվել, թե ով է այս անգամ այդ հեղինակավոր մրցույթում ներկայացնելու Հայաստանը: Հայաստանյան ներքին մրցույթը կկայանա մոտ օրերս: Հիմնական թեկնածուներ են համարվում երգչուհի Էմմին եւ Ռուսաստանում բնակվող Եվա Ռիվասը: Վերջինիս հովանավորում է «Տաշիր» առեւտրային կենտրոնի սեփականատեր Սամվել Կարապետյանը:




























