Պետությունը պետք է փոխհատուցի ոչ միայն ավանդատուների, այլեւ նրանց ժառանգների ավանդները: Այդ մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Որեւէ նախագահ իրավունք չունի ժողովրդին փշրանքներ նետելու, Հայաստանի քաղաքացին պետք է պաշտպանված լինի Սահմանադրությամբ, աշխատավարձով եւ թոշակով, աշխպատատեղերով: Ընտրությունը ձերն է, կամ ընտրում եք ողորմությունը, կամ արժանի աշխատանքը»,- նշել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով, երբ քաղաքացիները զրկված են աշխատանքից եւ արժան կյանքից, չեն կարող լուծվել այնպիսի արտաքին քաղաքական հարցեր, ինչպես ղարաբաղյան հարցը, Ջավախքի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը:
Խոսելով գործազրկության խնդրի լուծման մասին` Հովհաննիսյանը նկատել է, որ եթե ներդրումներ ներգրավեն սփյուռքից եւ արտերկրից, Հայաստանում հինգ տարի անց 180 հազար աշխատատեղեր կբացվեն: նա նաեւ հավաստիացրել է, թե ընտրվելու դեպքում մտադիր է կանգնել փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության դիրքերում, որը խեղդվում է օլիգարխների կողմից շուկայի մենաշնորհացումից եւ կոռուպցիայից:





























