Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ազդելու Թուրքիայի լծակները մոտ ապագայում չեն աճի։ Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Վերջինիս կարծիքով, Թուրքիան Ադրբեջանին չի դրդի պատերազմ սկսել ԼՂՀ –ի եւ Հայաստանի հետ։
«Փորձագիտական տեսանկյունից՝ պատերազմ սկսելու հավանականությունը մեծ չէ ոչ միայն նրա համար, որ արտաքին դերակատարները շահագրգռված չեն այդ գործում, այլ դա պայմանավորված է հայկական մարտունակ բանակի գոյությամբ։ Չլիներ այդ բանակը, կարող էին եւ արհամարհել այլ երկրների մոտեցումները։ Մարտունակ հայկական բանակը Ադրբեջանի կողմից պատերազմ չսկսելու առաջին զսպիչ ուժն է»,- հավելեց «Նորավանքի» գործադիր տնօրենը՝ հավելելով, սակայն, որ երբեք պետք չէ բացառել պատերազմական գործողությունների վերսկսումը։




























