Տպագրիչների 9 հասցեում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելուց հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբը չի շտապում որեւէ հայտարարություն անել: NEWS.am-ի թղթակիցը փորձեց նրանցից մեկնաբանություն ստանալ, սակայն ի պատասխան հայտնեցին, որ վաղը` փետրվարի 2-ին, ժամը 13.00-ին նրանք ասուլիս կտան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Նրա շտաբի աշխատանքները համակարգող Մանյա Այվազյանից փորձեցինք ճշտել, թե երեկ վերջին անգամ երբ է տեսել Պարույր Հայրիկյանին, արդյոք կասկածելի զանգեր, ահաբեկումներ եղել են, թե` ոչ:
Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում որեւէ սպառնալիք չի եղել, երեկ եւս տարօրինակ բաներ չեն նկատել: Մանյա Այվազյանը նաեւ պատմեց, որ քարոզարշավի էին գնացել, այնուհետեւ Պարույր Հայրիկյանը ժամը 17.00-ից հետո գնացել էր հեռուստատեսություն` մասնակցելու հաղորդման, դրանից հետո վերջինիս չի տեսել:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























