Ոստիկանությունը քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն է տարածել` կապված ԱԻՆ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի հետ:

Հաղորդագրությունում ասբվում է.

«Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:

Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի  վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):

Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:

Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտանաբերելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: