Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլանդի ներկայացրած կոշտ զեկույցը դժվար թե լուրջ հետեւանքներ ունենա Հայաստանի համար:
«Հերթական անգամ ես որեւէ արտառոց եւ տարօրինակ բան չեմ տեսնում: Ցանկացած պատգամավոր անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելու դեպքում ցանկացած նախագիծ կարող է դնել շրջանառության մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորը:
Նա ներկայացրեց նաեւ այդ նախագծի հնարավոր ճակատագիրը: «Բանաձեւի նախագիծը գնալու է Բյուրո, որտեղ կարող է երեք հետեւանք ունենալ՝ կարող է ուղարկվել Մոնիտորինգի հանձնաժողով՝ ի գիտություն, կարող է ուղարկվել որեւէ գլխադասային հանձնաժողով՝ զեկույց պատրաստելու եւ լիագումար նիստում ներկայացնելու, եւ տարբերակ երրորդ՝ Բյուրոն որեւէ կերպ չի արձագանքի նախագծին»,- մանրամասնեց Զոհրաբյանը եւ հավելեց. «Ես կանխատեսումներ անել չեմ սիրում, բայց գրեթե վստահ եմ, որ այն կամ կուղարկվի Մոնիտորինգի հանձնաժողով, կամ որեւէ իրավական հետեւանք չի ունենա»:
Պատճառը, ըստ պատգամավորի, այն, է որ մարտի 1-2-ի հանձնաժողովի զեկույցում այդ դեպքերին անդրադարձ եղել է, եւ ԵԽԽՎ համազեկուցողները իրենց զեկույցում Հայաստանի իշխանություններին կոչ են անում կատարել զեկույցի առաջարկները:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ նախագծի հեղինակներին՝ Գորան Լինդբլանդին եւ Մայք Հենքոկին՝ նկատելով. «Որպես ի գիտություն հայտնեմ, որ Լինդբլանդն ու Հենքոկը ադրբեջանական լոբբիի կարկառուն ներկայացուցիչներ են, որոնք հստակ ուղղորդվում եւ, վստահ եմ, ֆինանսավորվում են Ադրբեջանի կողմից»:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Գորան Լինդբլանդը բավական կոշտ եւ սկանդալային նախագիծ է ներկայացրել «Բանակի ներգրավվածությունը 2008թ. մարտի 1-ի դեպքերին» վերտառությամբ, որտեղ կոչ է արել հետաքննել մարտիմեկյան դեպքերին բանակի ներգրավվածության չափն ու պատժել մեղավորներին:




























