Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։

Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը եւ հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների հիման վրա ընդունել եւ 1-2-օրյա ժամկետում ինսուլինային սրվակները բաշխել Երեւանի եւ ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:

«Անհրաժեշտ դեղամիջոցը հիվանդներին հնարավորինս արագ հասցնելու նպատակով Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը կաշխատի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։ Նախարարությունը միաժամանակ Երեւանի եւ մարզերի բուժհաստատությունների ղեկավարներին հորդորում է` ինսուլինի բաշխումը կազմակերպել հնարավորինս արագ եւ սահուն։

Հայցելով շահառուների ներողամտությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին շրջանում ինսուլինի բաշխման կարճաժամկետ ընդհատումը կապված էր պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի գնման գործընթացների հետ»,-ասված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: