Մոսկվայում սպանված հայ աշակերտի մայրը` Ալլա Մարկարյանը, դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Ալլա Մարկարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փաստաբանի հիվանդության պատճառով, առայժմ ներկայացվել է բողոքի կարճ ձեւը, սակայն իրենց «ժամանակ են տվել ամբողջական բողոք ներկայացնելու համար, որը կներկայացվի հաջորդ շաբաթ»:
«Հակառակ դեպքում, եթե մենք սահմանափակվենք կարճ բողոքով, այն հաստատ չի քննարկվի եւ արդյունքում կստացվի, որ մենք համաձայն ենք դատարանի որոշմանը, այնինչ դա այդպես չէ»,-նշել է Ալլա Մարկարյանը:
Նա կրկին ընդգծել է, որ դատարանի որոշման անհեթեթությունը, ըստ որի միեւնույն գործով մի տեսանկյունից նա մեղավոր է, մյուս կողմից` անմեղ:
Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:
Անցած տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած սթրեսային իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել:





























