Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ երեկոյան մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում կոչ է արել խորհրդարանին անհապաղ լեզվի մասին օրենք ընդունել, որի համաձայն պետական իշխանությունները և կառավարման մարմինները, ձեռնարկություններն ու հիմնարկները փաստաթղթաշրջանառությունը պետք է կատարեն միայն պետական լեզվով` տաջիկերենով: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Ազգի մեծության մասին հնարավոր է դատել առաջին հերթին նրանով, թե որքանով են ազգի ներկայացուցիչները պահպանում ազգային լեզուն», -ասել է Տաջիկստանի նախագահն ու հավելել, որ նոր օրենքի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով պետական կառավարման ժամանակակից պահանջները և նպատակ ունի բարձրացնել ազգային գիտակցության մակարդակը:

Նկատենք, որ մինչ այդ «Լեզվի մասին» գործող օրենքով, Տաջիկստանում պետական լեզվի կարգավիճակ ուներ նաեւ ռուսերենը: Նոր օրինագծով, Տաջիկստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իմանալ պետական լեզուն, միաժամանակ օրինագիծը չի կարգավորում լեզվի օգտագործումը միջանձնային հարաբերություններում: