Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի թուրքական հատվածում ամերիկյան գումարներով վերանորոգված հայկական վանական համալիրը չի դառնա թուրքագիտական ինստիտուտ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնաց, որ կդադարեցնի ֆինանսական աջակցությունը, Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Մերձավոր Արեւելքի համալսարանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարել իրեն հանձնված հայկական վանական համալիրը թուրքագիտական կենտրոն վերածելու համաձայնագիրը։

Նշենք, որ խոսքը հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը կառուցվել է 8-րդ դարում։ Այն գործել է մինչեւ 1963-ը, սակայն հայերի հեռանալուց հետո այն անտերության էր մատնվել։

Ավելի վաղ, երբ Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Դերվիշ Էրօղլուն Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի համաժողովին, նրա առաջ հայկական վանական համալիրի խնդիրը դրել են որպես հրատապ լուծում պահանջող հարց։

Կղզի վերադառնալուց հետո Դերվիշ Էրօղլուն իշխանություններին հանձնարարել է լուծել այդ խնդիրը։ Իր հերթին, Կիպրոսի թուրքական հատվածում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քյոնիգը հանդիպել է Կիպրոսի թուրքական հատվածի վարչապետ Իրսեն Քյուչուքի հետ եւ շեշտել, որ սխալ է վանական համալիրը վերածել թուրքագիտական ինստիտուտի։