Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հերքել է, թե Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի հետ անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել, եւ որ հնարավոր է դեպքերի նոր զարգացում։

Ըստ նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի՝ նախարարի խոսքը մամուլում ճշգրիտ չի արտացոլվել։ «Համաներման կիրառում է համարվում ոչ միայն պատժից ազատելը, այլեւ նշանակված պատժի ժամկետը կրճատելը։ Վերջնական դատավճռի պարագայում պարզ կդառանա, թե կա՞ն արդյոք բավարար հիմքեր համաներում կիրառելու համար, եւ կոնկրետ ի՞նչ չափով պատիժը կարող է կրճատվել»,- «Ազատություն» ռադիոկայանին Դանիելյանի բառացի խոսքն է փոխանցել մամուլի քարտուղարը:

Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, մեկնաբանելով արդարադատության նախարարի հայտարարությունը, նկատել է, թե ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառել։

Համաձայն համաներման մասին ԱԺ որոշման 2008թ. մարտիմեկյան դեպքերով հանցագործություն կատարած անձանց պատժաչափի չկրած մասը կարող է կիսով չափ կրճատվել, հետեւաբար դատարանը պետք է կրճատեր Փաշինյանի պատժի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեր 3.5 տարի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Փաշինյանի պաշտպանները մտադիր են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ վիճարկելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը։