ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները «բնականոն հուն» վերադարձնել:

 Մյունխենում Անվտանգության կոնֆերանսի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ այդ մասին Սերգեյ Լավրովին հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:  Վաշինգտոնը հարաբերությունների կարգավորումն սկսելն առաջարկում է  տարաձայնություններից զուրկ  բնագավառներում համագործակցությունից: Նման բնագավառներից մեկն է  զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը, հայտնում է «Կոմերսանտը»: 

Ռուսական պատվիրակության աղբյուրը «Կոմերսանտին» պատմել է, որ Ջոզեֆ Բայդենը Լավրովին հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները «բնականոն հուն» վերադարձնելու ԱՄՆ-ի մտադրության մասին:

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման  ոլորտներից մեկն է զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը: ՌԴ-ի իշխանությունները վճռել են չերկարացնել  հունիսին  ավարտվող Նանա-Լուգարա ծրագրի գործողության ժամկետը, որի շրջանակներում 1990-ականների սկզբից ԱՄՆ-ի միջոցներով վերացվում էին ռուսական միջուկային զինամթերքների  մնացորդները: Մոսկվայի որոշումը պատճառաբանվում է այն փաստով, որ նա այլեւս սուբսիդիայի կարիք չունի:  Մինչդեռ ռուսական պատվիրակության աղբյուրը «Կոմերսանտին» հայտնել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ կարող  է ստորագրել այդ բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր,  «եթե այն հիմնված լինի իրավահավասարության վրա եւ համապատասխանի արդի իրողություններին»:

Ապագա համաձայնագրի քննարկման համար փետրվարին Մոսկվա կժամանի պետքարտուղարի ավագ  տեղակալ Ռոուզ Գեթեմյուլլերը: