Աշխարհում բջջային հեռախոսների խոշորագույն արտադրող Nokia ընկերությունը մտադիր է պաշտպանվել արժեթղթերի մեքենայությունների վերաբերյալ մեղադրանքներից, հաղորդում է Bloomberg-ը: Համապատասխան բողոքը ներկայացվել է Ամերիկյան դեպոզիտար մուրհակների (ADR) սեփականատերերի կողմից փետրվարի 5-ին:

Ներդրողները կարծում են, թե Nokia-ն 2008թ. թաքցրել է արտադրանքի թողարկման ձգձգման փաստերը, ինչը հանգեցրել է հեռախոսների գնի նվազման եւ գործառնական մարժայի կրճատման: Ամերիկացիների պնդմամբ, Nokia-ն լավ տեղեկացված է եղել ձգձգումների մասին դեռ 2008թ. սկզբին:

2008թ. Nokia-ն բախվել է շուկայում ուժգնացող մրցակության հետ եւ սկսել է ակտիվորեն իջեցնել գները: Ձգձգումների պատճառով դա բերել է գործառնական մարժայի 21,6-ից 18,6 տոկոս անկման՝ երկու եռամսյակի ընթացքում:

ADR-ների գները 38,25 դոլարից նվազել է 20,62 դոլարի։

Ֆիննական Nokia ընկերությունը զգալի կորուստներ է կրել գլոբալ ֆինանսական ճգնաժամի պատճառով: Ընկերությունը ստիպված էր փակել կամ տեղափոխել մի քանի ձեռնարկություններ եւ աշխատանքից ազատել մոտ 2 հազար մարդու:

Ամերիկյան դեպոզիտար մուրհակներն օգտագործվում ենայն նպատակով, որ ԱՄՆ բանկերը ներդրումներ կատարեն ընկերություններում, որոնց բաժնետոմսերը չեն վաճառվում ամերիկյան բորսաներում: